National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.03.2019
Լենա Նազարյանի խոսքը «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը
1 / 1

Սիրելի՛ կանայք,

Շվեդիայի խորհրդարանի հարգարժան փոխնախագահ Լոտտա Յոնսոն Ֆորնարվե,

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հարգարժան դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ,

հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,

ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է ողջունել ձեզ Ազգային ժողովում այսօր՝ մարտի 8-ին:

Շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարն էլ մեր երկրում խեղվել եւ իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին: Մարտի 8-ը երկար տարիներ անվանվել է կանանց տոն եւ կապվել զուտ ծաղիկ նվիրելու ու կանանց կենացը խմելու օրվա հետ: Այս ընթացքում մոռացության է տրվել օրվա իսկական խորհուրդը: Այսօր ուրախ եմ, որ վերարժեւորում ենք մարտի 8-ը եւ նշում ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների եւ պայքարի (քաղաքական) օր:

Այս օրը կապված է դեռեւս շուրջ 110 տարի առաջ սկսված կանանց միջազգային շարժման հետ, որն իր առջեւ դնում էր կին աշխատավորների իրավունքների, կանանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հաստատման խնդիրը: Դրան, իհարկե, նախորդել էին դարեր տեւած, շատ ավելի երկար տարիների պայքար:

Հայաստանում եւ հայերի շրջանում «կանանց խնդրի» եւ «կանանց ազատագրման» հարցի բարձրաձայնումն ունի ավելի քան 150 տարվա պատմություն: Այդ պատմության շարժիչ ուժերից են Էլպիս Կեսարացյանը, Սրբուհի Տյուսաբը, Մարիամ Խատիսյանը, Զապել Եսայանը, Շուշանիկ Կուրղինյանը, Ֆլորա Վարդանյանը եւ շատ այլ հասարակական-քաղաքական գործիչ կանայք, որոնց անունները մենք անգամ չենք լսել:

Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմել, նրանց մասին մեզ դպրոցներում եւ նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք ա՛յն ազատությունները եւ իրավունքները, որոնք նվաճել եւ իրացրել են այդ կանայք:

Կանանց իրավունքների համար պայքարած շարժումների շնորհիվ է նաեւ, որ մենք այսօր գտնվում ենք այս դահլիճում, եւ ես ձեզ դիմում եմ որպես ընտրված պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ:

Հետեւաբար մարտի 8-ը նախեւառաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզնից առաջ եռանդ, ջանք եւ կյանք են դրել կանանց ազատագրման եւ խնդիրների լուծման պայքարում:

Ճիշտ է՝ կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, եւ պայքարը կանանց իրավունքների համար եւս պետք է շարունակվի: Հետեւաբար մարտի 8-ը մեզ համար նաեւ խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը հանուն բոլոր կանանց բարօրության եւ իրավունքների հաստատման՝ մեր երկրներում եւ աշխարհում:

Որքան էլ ցավոտ է ազդարարելը, սակայն, այո՛, մեր երկրում կանայք ունեն բազմաթիվ ակնառու, ինչպես նաեւ չերեւացող խնդիրներ: Թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները սահմանափակ են: Կանանց աշխատանքի մեծ մասը՝ ընտանիքի եւ երեխաների խնամքը, մնում է չնկատված եւ արժանի չգնահատված: Հայաստանում կանայք, ճիշտ է, ունեն հավասար կրթության իրավունք, սակայն շատ ընտանիքներում եւ համայնքներում աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի դիտվում: Ճիշտ է, կանայք ունեն ընտանիք կազմելու, անձնական կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն շատ կանանց եւ աղջիկների փոխարեն իրենց կենսական որոշումները կայացնում են այլոք, իսկ շատերն էլ իրենց զգում են «հանրային կարծիքի» ճնշման ներքո: Կանայք ունեն առողջության պահպանման իրավունք, սակայն միշտ չէ, որ պաշտպանված է նրանց վերարտադրողական առողջության եւ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Օրենքով կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն կան կանայք, որոնք շարունակական բռնության եւ շահագործման են ենթարկվում ընտանիքում, աշխատանքի ու հանրային վայրերում:

Իմ նշած բազում խնդիրների վերաբերյալ կան արված տասնյակ հետազոտություններ:

Մենք ունենք քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար: Այսօր մեր խորհրդարանում ունենք թեեւ համեմատաբար ավելի մեծ, բայց ընդամենը 24 տոկոս կանանց ներկայացվածություն:

Մենք պետք է ընդունենք, որ մեր բնակչության 50 տոկոսից ավելին կազմող կանայք ունեն հանրային այնպիսի թանկ ռեսուրսների պակաս, ինչպիսիք են ազատ ժամանակը, ֆինանսական միջոցները եւ հանրային վստահությունն ու աջակցությունը: Բացի այդ, մենք պետք է արձանագրենք, որ տարբեր սոցիալական խմբերի կանայք ունեն այս ռեսուրսների եւ իրավահավասարության տարբեր չափի հասանելիություն: Այնինչ դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, որպեսզի նրանք առավել մեծ մասնակցություն ունենան հանրային-քաղաքական կյանքին եւ խնդիրներին լուծում տալու իրական հնարավորություն ձեռք բերեն:

Այս հարցերը նախեւառաջ մենք՝ կանայք, պետք է իմաստավորենք: Մեկ կնոջ խնդիրը բոլոր կանանց խնդիրն է - քանի որ սոցիալական է իր բնույթով, ուրեմն նաեւ պետք է լուծվի իրավական մեխանիզմներով ու հանրային աջակցությամբ:

Մենք՝ կանայք, պետք է հասկանանք մեր խնդիրները, ինչպես նաեւ գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում կանայք փոխաջակցող են, քույրաբար օգնող: Հաճախ կարելի է հիանալ, թե ինչպես են տարբեր սերունդների եւ տարեկից կանայք աջակցում միմյանց, կիսում սեփական փորձը, օգնում կենցաղային գործերում, թե ինչպես են կանանց կոլեկտիվներում կիսում աշխատանքային դժվարությունները: Սակայն կանանց ընկերության եւ փոխաջակցության այս փորձառությունները հաճախ մնում են նեղ ընտանեկան կամ համայնքային տիրույթներում եւ չեն դառնում հանրային կյանքի եւ փորձառության մաս: Մենք ունենք կանանց համերաշխության միջավայրեր, սակայն կարիք ունենք եւ պետք է ընդլայնենք դրանք, պետք է զորացնենք այլ կանանց մեր աջակցությամբ:

Նշելով մարտի 8-ը՝ առաջին հերթին մենք ընդունում ենք կանանց խնդիրների գոյությունը եւ դրանք հաղթահարելու մեր հանձնառությունը:

Ուրախ եմ, որ այսօր այս միջոցառմանը ներկա են հենց այդպիսի հանձնառու շատ կանայք: Իհարկե, վստահ եմ, որ շատ-շատերն էլ այս պահին դահլիճում չեն, սակայն Հայաստանի կանանց իրավունքների համար պայքարի նվիրյալներ են:

Շատերդ ձեր ամենօրյա գործունեությամբ օգնում եք մեր հանրությանը նկատել կանանց չերեւացող խնդիրները, բարձրաձայնում եք դրանք եւ լուծումներ որոնում, աջակցում եւ զորակցում եք կանանց:

Սիրելի՛ կանայք, քույրեր, շնորհավոր մեր բոլորի մարտի 8-ը՝ կանանց իրավունքների միջազգային պայքարի օրը:

Եւ եթե մարտի 8-ին ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարին:


13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում կհրավիրվի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am